Ուզում են մի խումբ հայերի մեկ այլ խումբ հայերի համաձայնությամբ սովամահ անել․ ՀՀ քաղաքացին պատասխանատվությունը պետք է վերցնի իր ձեռքը

Այսօր առավոտվանից Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի մոտ քաղաքացիները սկսել են սնունդ, դեղորայք ու առաջին անհրաժեշտության իրեր հավաքել՝ Արցախ ուղարկելու նպատակով։ ՄԱԿ-ը Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ունի նման հնարավորություն, եւ քաղաքացիները նպատակ ունեն հավաքված պարենն ու իրերը ՄԱԿ-ի միջոցով ուղարկել Արցախ, իսկ եթե Կազմակերպությունն, ամեն դեպքում, չանի այդ քայլը, ապա առնվազն ՄԱԿ-ի, միջազգային այլ կազմակերպությունների, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների ներկայացուցիչների ուղեկցությամբ սեփական ուժերով հասնել դեպի Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի փակ հատված ու հումանիտար օգնությունը փոխանցել մեր արցախաբնակ հայրենակիցներին, որոնք էլ մյուս կողմից կգան ընդառաջ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատը

ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ակցիա են իրականացնում «Բացում/Opening», «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնությունները, ամենատարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիներ։ Ամեն օր առավոտյան տասնմեկից մինչեւ երեկո պարեն է հավաքվում գրասենյակի մոտ, աշխատանքային խմբեր են ձեւավորվել, որ մի մասը զբաղվի այդ հարցով, մի մասը՝ իրավական հարցերով, մի մասը՝ մամուլի հետ աշխատանքով, եւ այդպես շարունակ։ Մի խոսքով՝ շատ անելիք կա, եւ ակցիայի մասնակիցներն էլ խնդրում են բոլորին՝ ուժերի ներածին չափով միանալ ու աջակցել, որովհետեւ, համոզված են, միասնաբար է հնարավոր լուծումներ գտնել։ Իսկ երեկոյան 7-ին ամեն օր հավաք է կազմակերպվում Ազատության հրապարակում՝ քաղաքացիներին իրազեկելու, ապագա անելիքները քննարկելու համար։

Արցախահայերը պիտի իմանան՝ մենակ չեն այս ծանր իրավիճակում, ասում են ակցիայի մասնակիցները ու նշում՝ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է էթնիկ հայերի դեմ, ուրեմն այդ խնդիրն առնչվում է նաեւ ՀՀ տարածքում ապրող հայերին։

«Բացում» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանն ընդգծում է, որ այս հարցի մասին պետք է աղաղակի մեդիան, դրա օգնությունը շատ հարկավոր է այս գործընթացում՝ մարդկանց իրազեկել է պետք տեղի ունեցողի մասին․

«Արցախի ժողովուրդն այնտեղ է սովի մատնված, այստեղ էլ գիտակցության ճգնաժամ է, մենք դա հաղթահարելու գործընթացում ենք, մարդիկ պետք է իրազեկվեն ու շատանան, պիտի բերեն ապրանքներ, պարեն, դեղորայք, որպեսզի ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղափոխվեն Արցախ, ՄԱԿ-ն ունի նման մանդատ»,- մեր զրույցում ասում է Այվազյանը՝ խոսելով իրենց նպատակներից, որոնցից առաջինը, իհարկե, Լաչինի միջանցքի բացումն է, ապաեւ ճանապարհի անժամկետ եւ անխափան գործարկումը, ինչպես նաեւ Արցախում հումանիտար ճգնաժամի հետեւանքների վերացումը։

Նարեկ Այվազյանը

«Մենք հասկանում ենք, որ խնդիրը մեծ է, ու երբ ճանապարհը բացվի, աղետի հետեւանքները շատ են լինելու, մենք ամեն կերպ պիտի փորձենք օգնել վերացնել այդ հետեւանքները։ Իսկ ընթացիկ նպատակները՝ պարենի, դեղորայքի հավաքագրում, Ազատության հրապարակում իրազեկման ակցիաներ, քննարկումներ՝ միջոցառումների շարունակականության վերաբերյալ։ Արդեն մարդիկ կան, որոնք գիշերելու են ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ու պարենի հավաքագրումը լինելու է շուրջօրյա»,- ասում է ակցիայի մասնակիցը՝ շարունակելով․

«Մենք մեր հայրենակիցների կողքին ենք, մենք նույն հայ ժողովուրդն ենք, եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը միտված է բոլորիս՝ էթնիկ հայերի դեմ։ Այսօր այս իրավիճակն Արցախում է, բայց թշնամին նպատակ ունի այդ պրոցեսը ՀՀ տեղափոխել, եթե չլիներ նման բան, չէին լինի էսկալացիաները, տարածքների զավթումները, գերեվարումները, անմարդկային վերաբերմունքը գերիների հանդեպ․․․։ Դրա համար մենք ցանկանում ենք կանխել այդ դոմինոն, թեպետ վաղուց պետք է անեինք, շատ ենք ուշացել, բայց դեռ ունենք կանխելու ժամանակ ու միասին պիտի անենք՝ մի կողմ դնելով բոլոր ներքաղաքական հարցերը»։

Ճանապարհի բացելու համար նախ պետք է հանրությունը մոբիլիզացվի այդ խնդրի շուրջ․ այս համոզմանն է նախաձեռնության անդամ Հայկ Սահակյանը․ 

«Պետք է սնունդ հավաքել ու բոլորով մտածել՝ ինչպես է այն տեղ հասցվելու։ Ոչ մեկս զինված մարդկանց բլոկպոստ անցնելու մասնագիտացում չունենք, բայց սա մեր առջեւ ծառացած խնդիր է, որ պիտի լուծենք, ինչպե՞ս՝ բոլորս միասին պիտի մտածենք»,- ասում է նա։

Հայկ Սահակյանը

Սահակյանը կարծում է՝ պետությունը կաշկանդված է իր գործառույթների շրջանակում, բայց ամենակարեւոր գործառույթը, որ պիտի աներ, այն էր, որ չպիտի Արցախում ապրող մարդկանց սովի մատնելու ճանապարհով ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծեր․ 

«ՀՀ-ն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, եւ Ադրբեջանը փորձում է շանտաժի միջոցով իրենց ինտեգրել, հիմա եթե դրա հետ ՀՀ կառավարող ուժը հաշտ է, մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, դրա հետ հաշտ չենք։ ՀՀ-ն պիտի լուծեր ճանապարհը բացելու հարցը, ինչպես՝ չգիտեմ, բայց եթե էդ իրավունքը տրված է քեզ, դեռ չի նշանակում, որ իրավունքն իրացված է, դու պիտի իրացնես, ինչ ճանապարհով՝ դու ես ընտրում, հիմա իրենք վախվորած են, կարկամած են՝ չգիտեմ, լուծումներ փնտրելու իմիտացիա են ստեղծում ընդամենը, եթե ուզենային, կբացեին։ Մարդիկ Արցախում սոված են, սովամահ անելով հարցերին լուծում չեն տալիս, դա դեմ է թե մարդու իրավունքներին, թե մարդու արժանապատվությանը։ Մենք փորձելու ենք լուծումներ գտնել»,- ասում է Սահակյանը։

Ինչո՞ւ մարդիկ արագ չեն մոբիլիզացվում՝ լուծումներ գտնելու համար, հարցնում եմ․ ըստ Սահակյանի՝ մարդկանց անդադար վախեցնում են տարբեր կողմերից․ «Վախեցած մարդը չի կարող ռացիոնալ որոշումներ կայացնել, դրա համար մարդիկ հետագա քայլերի հերթականություն չեն տեսնում։ Ադրբեջանը վախեցնում է, մեր կառավարող ուժը, ռուսական լրատվամիջոցները, ամեն մեկը, մի մեթոդ օգտագործելով, վախեցնում են, Ադրբեջանն՝ ուղիղ սպառնալիքով, Հայաստանը՝ «իրավիճակը չսրելու համար»։ Բայց եթե դու քո իրավունքներից հրաժարվում ես, անընդհատ նորանոր պահանջներ են դրվում քո առաջ ու քեզ համար ավելի վատ դիրքերից»։

Վախեցած հանրությունը, Սահակյանի խոսքով, պիտի կարողանա իր բարդույթներից ձերբազատվել, թեեւ ընդունում է՝ ռացիոնալ կոչերը միշտ չէ, որ աշխատում են, դրա համար պետք է դրական զգացումներ էլ առաջացնել, հատկապես այն շեշտադրումով, որ Արցախում ապրում են մեր հարազատները, մեր հայրենակիցները, մեր զինվորները, երեխաները․ «Այնտեղ քո նման մարդիկ, քո նման հայ մարդիկ սովի են ենթարկվում, որովհետեւ իրենք ուղղակի հայ են։ Ու հիմա ուզում են մի խումբ հայերի մեկ այլ խումբ հայերի համաձայնությամբ սովամահ անել, դա նորմալ չէ։ Երբ մենք աջակցենք մանուկներին, զինվորներին, դրական էմոցիաներ առաջացնենք, երբ մարդիկ սնունդ բերեն, կսկսեն նաեւ մտածել՝ էդ սնունդը ոնց հասցնել Արցախ, դա դառնալու է նաեւ իրենց խնդիրը։ Այդ պատասխանատվությունը ՀՀ քաղաքացին պետք է վերցնի իր ձեռքը»։

Սահակյանն ասում է՝ մեզանից յուրաքանչյուրը ինչ կարողանում է լավ անել, պիտի դա անի նաեւ ի նպաստ այս շարժման․ մեկը սիրում է բլոգինգով զբաղվել, թող ՄԱԿ-ի գրասենյակի մոտից անի, մեկը որոշել է հացադուլ անել, թող անի, մեկը լավ համակարգել է կարողանում, թաղ գա այդ հարցում օգնելու, որպեսզի բոլոր ուժերը համախմբված ուղղորդվեն նույն նպատակին՝ կանխել մարդասիրական աղետն Արցախում։

ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հացադուլ անող կանանցից մեկն արցախցի Լարա Սեւումյանն է, որը հուզված ու տխուր աչքերով փորձում է հասկանալ՝ ինչպես կարելի է այս սարսափելի իրավիճակում անտարբերություն դրսեւորել տեղի ունեցողի նկատմամբ․ 

«Այնտեղ երեսուն հազարից ավելի հայ մանուկներ սովի են մատնված, հղիները թերսնվում են, հնարավոր չէ՝ առողջ մանուկ ծնվի, այնտեղ ցեղասպանվելու խնդրի առաջ են բոլորը, ես զարմանում եմ ու մտածում՝ յուրաքանչոյւր հայ ու հայ մայր չպետք է անտարբեր մնա այս իրավիճակի հանդեպ։ Ո՞նց կարող է երեխան սոված քնի կամ սովից մահանա»,- ասում է Սեւումյանը՝ նշելով, որ իրենց ակցիան էլ է շարունակական լինելու։

Լարա Սեւումյանը

Այն, որ Արցախում մարդասիրական ճգնաժամ է, դա անհերքելի է, ասում է նախաձեռնության անդամ Սիմոն Հովհաննիսյանը՝ խնդրանքով դիմելով մեր հայրենակիցներին․

Սիմոն Հովհաննիսյանը

«Ադրբեջանը մեր հայրենակիցներին ճնշում է ամենաանմարդկային ձեւով՝ սովի մատնելով։ Մենք պետք է մեր հայրենակիցների համար ստեղծենք այլընտրանք, նրանք պետք է ունենան այն իրավունքները եւ օգտվեն այն իրավունքներից, որից օգտվում են ԱՄՆ-ում ու աշխարհի ցանկացած ծայրում։ Խնդրանք՝ վաղը գործից տուն ճանապարհին, երբ մտնեք առեւտուր անելու, իսկ Արցախը մեր բոլորի տունն է, մի տան առեւտուր եք անում եւ բերում թողնում այստեղ՝ ՄԱԿ գրասենյակի առջեւ։ Սա կարեւոր քայլ է, քանի որ այս կազմակերպությունը զբաղվում է նման գործերով եւ այս պարենը մեր պահանջով պետք է տեղափոխի Արցախ»։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտից քաղաքացիները երեկոյան գնացին Ազատության հրապարակ՝ իրազեկման ակցիա իրականացնելու, այնտեղ տեսանելիորեն ավելի շատ մարդ միացավ խմբին, ու հետո բոլորով նորից գնացին Կազմակերպության մոտ՝ կոչ անելով միանալ շարժմանը։ Իսկ մինչ այդ արդեն նախաձեռնության ներկայացուցիչները դիմում էին ուղարկել ԱԳՆ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներգրավման հարցով զբաղվելու եւ Արցախ պարենի տեղափոխման նպատակով։

Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի, Ռոման Աբովյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով