Ներքին գործերի նախարարության մեջ կներառվեն երեք ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը։ Այս մասին Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Բարեփոխումները ի սկզբանե միտված են եղել Ոստիկանութան կառուցածքային և գործառութային վերանայմանը։ Բայց հասել ենք այն փուլին, երբ այս բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Վերջին մի քանի ամիսների քննարկումները տանում էին այն ուղղությամբ, որ իրապես պետք է ունենալ ներքին գործերի նախարարության շատ ավելի արդիական կառուցվածք, որը համահունչ կլինի միջազգային ստանդարտներին, և բացի միջազգային ստանդարտները, կկարողանա մեր Հանրապետության մակարդակով ճիշտ կառավարելի դարձնել աղետները, արտակարգ իրավիճակները, ճգնաժամային իրավիճակները»։
Նրա խոսքով՝ ներքին գործերի նախարարության տանիքի ներքո կլինեն 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և միգրացիոն ծառայությունը։
Փոխնախարարը հավելեց՝ պետք է լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ․ «Առանձնացվել են այն գործառույթները, որոնք ՆԳՆ-ի «տանիքի ներքո» պետք է կազմակերպվեն, և դրանց համար համապատասխան քաղաքականությունները պետք է մշակվեն: «Առաջինը՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում: Երկրորդ կարևոր ֆունկցիան՝ աղետների ռիսկի կառավարումն է, երրորդը՝ պետական ռեզերվների կառավարումը: Հումանիտար հարցերը նույնպես կներառվեն ՆԳՆ-ի ֆունկցիոնալ բազայում: Վերջին կարևոր ֆունկցիան, որն, ըստ էության, կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթադրելու, միգրացիային և քաղաքացիությանը վերաբերող հարցերն են»։
Նա նաև նշեց, որ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը, ըստ էության, համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները։