Ոստիկանները շրջափակել են Օպերայի շենքը․ քաղաքացիները 4 ուղղություններով շարժվում են դեպի այնտեղ

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով այսօր ժամը 15:30-ից հավաքվել են մայրաքաղաքի չորս կետերում և այս պահին շարժվում են դեպի Օպերա, իրենց խոսքով խաղաղ անհամաձայնություն հայտնելու։ Այս պահին Օպերայի շենքի հարակից ողջ տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով և երկաթե արգելապատնեշներով։

Մասնավորապես տասնյակ քաղաքացիներ են հավաքվել Սարյանի անվան այգում, Կոնսերվատորիայի դիմացի այգում, Սուրբ Աննա եկեղեցու բակում, Հյուսիսային պողոտայում։

Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ առավոտից հանդիպումներ է ունեցել «Հայաքվե» նախաձեռնության, «Ապրելու երկիր» կուսակցութան անդամների, Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, բժիշկների հետ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ անսացել են իր կոչին, դուրս են եկել և անհամաձայնություն հայտնող քաղաքացիների փոխարեն փակել են փողոցները։

Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

Օպերային հարակից սրճարանները «Ինֆոքոմ»-ի թղթակցի փոխանցմամբ կիսադատարկ էին։ «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով