Շրջափակված Արցախ. դիմորդները չեն կարողացել ՀՀ գալ ու մասնակցել ընդունելության քննություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տարեսկզբին կայացած 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով արցախցի դիմորդները զրկվել են Հայաստանում անցկացվող ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հետ: Մենք արդեն ստացել ենք հանրակրթական ուսումնական հաստատություններից քննություններին դիմած 9-րդ դասարանցիների տվյալները: Ավարտական քննությունների հետ կապված խնդիր չենք ունենում, մենք ուղարկում ենք թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը: Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, հնարավորություն տրվի նաև հանձնել հուլիսին»,-ասաց Կարո Նասիբյանը:

2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվում են 2 փուլով՝ ձմռանը և ամռանը: Նրանք, որոնք ձմռանը ցածր գնահատական են ստացել, գոհ չեն իրենց արդյունքներից, կարող են ամռանը կրկին հանձնել քննություն:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով