Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինացի գործընկեր Վան Յիի հետ հանդիպումից առաջ։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
«Միջազգային հարաբերությունների պատմության մեջ մենք շատ լուրջ փուլով ենք անցնում։ Համոզված եմ, որ այս փուլի արդյունքում միջազգային իրավիճակը էականորեն կպարզվի, և մենք ձեզ հետ միասին, մեր մյուս համախոհների հետ միասին կշարժվենք դեպի բազմաբևեռ, արդար, ժողովրդավարական աշխարհակարգ»,- ասել է Լավրովը։
«Մենք շահագրգռված ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շարունակեն կայուն և հետևողական կերպով զարգանալ: Մեր ղեկավարները՝ նախագահ Պուտինն ու նախագահ Սի Ծինփինը, համաձայնության են եկել այս հարցում: Այսօր մենք կքննարկենք կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են ապահովելու, որ բոլոր պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչվեն»,- ընդգծել է նախարարը։
Լավրովը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ սա իր երկրորդ հանդիպումն է չինացի գործընկերոջ հետ, ինչը ընդգծում է կանոնավոր երկխոսության ինտենսիվությունն ու վստահելի բնույթը։
Նշենք, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Չինաստանում։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ-ի