Նոր հեղեղումների վտանգ այս պահին չենք կանխատեսել. Ցուցուլյան

Նախօրոք չես կարող կանխատեսել, թե ջրի մակարդակը ինչ աստիճանի կարող է բարձրանալ։ Եթե իմանայինք, որ ջրի մակարդակը բարձրանալու է, և այսքան վնաս է հասցնելու, բնականաբար նախօրոք տարհանում կանեինք, նաև ազդարարում կանեինք։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե կանխատեսվել է, որ առատ տեղումներ են լինելու, ինչու նախապես չեն տարհանվել բնակիչները, ինչպես Վրաստանում՝ Լոռիին հարակից բնակավայրերում է արվել։

Նրա խոսքով քանի որ լրագրողի նշած տեղեկությունը հստակ չէ, նշված պատճառով էլ չի իրականացվել տարհանում։

Հարցին՝ նոր հեղեղումների վտանգ կա՞, նա պատասխանեց. «Նոր հեղեղումների վտանգ այս պահին չենք կանխատեսել»:

Ցուցուլյանը նաև նշեց՝ մասամբ հերքվում է լուրը, որ հինգերորդ անհայտ կորածն ունենք: Աշխատանքներ են տարվում հերքման ուղղությամբ:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ՝ 429 տարհանված բնակիչ ունենք․ «Նրանցից երկուսը հղիներ են։ Բնակիչների մեծամասնությունը գտնվում է հարազատների ընտանիքներում, հրաժարվել են մեր աջակցությունից»,-ասաց Ցուցուլյանը։

Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ Սանահին բնակավայրում ճոպանային ճանապարհ են ստեղծել, անհրաժեշտության դեպքում բնակչությունը կտարհանվի։

«Երեկ սնունդ ենք մատակարարել, այսօր ևս սննդով կապահովենք բնակավայրը։ Միջոցներ են ձեռնարկվում բնակավայրի մեկուսացումը վերացնելու հետ կապված»։

Կամո Ցուցուլյանը տեղեկացրեց նաև, որ Ալավերդու տարածաշրջանում կան մեկուսացված բնակավայրեր, ձեռնարկվում են միջոցառումներ՝ սնունդ և առողջապահական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով