armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ երեկոյան ուղերձում հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին իր պաշտոնում վերականգնելու մասին: Նեթանյահուն նման հայտարարություն է արել աճող հասարակական զայրույթի և մի քանի ուղղություններից իրականացված հարձակումների պայմաններում: Այս մասին հաղորդում է Times of Israel պարբերականը:
Նեթանյահուն Յոավ Գալանտին աշխատանքից ազատել էր երկու շաբաթ առաջ: Դրա պատճառ էր դարձել այն, որ Գալանտը հրապարակայնորեն կոչ էր արել սառեցնելու դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը:
Իսրայելի ժողովրդին ուղղված ելույթում Նեթանյահուն նաև մեղադրել է ընդդիմությանը և նախկին կառավարությանը վերջին օրերին Լիբանանից, Սիրիայից և Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծության, ինչպես նաև պաղեստինյան մի շարք մահացու հարձակումների համար:
Նեթանյահուի պնդմամբ նախկին կառավարությունը թուլություն է ցուցաբերել՝ համարձակություն տալով Իսրայելի թշնամիներին:
Նա նաև նշել է, որ Իսրայելի թշնամիներին խրախուսել են բանակի պահեստային զինծառայողների նախազգուշացումներն այն մասին, որ իրենք կհրաժարվեն ծառայելուց, եթե կառավարությունն առաջ տանի դատական բարեփոխումների ծրագիրը:
Նշենք, որ դատական բարեփոխումների օրինագիծը զանգվածային ցույցերի պատճառով կասեցվել է:
Նեթանյահուին նախորդած վարչապետեր Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը դատապարտել են նրա պնդումները: Բենեթը երկրի վարչապետի ելույթն անվանել է ամոթալի, իսկ Լապիդը կոչ է արել նրան «վերջ տալու նվնվալուն և պատասխանատվություն ստանձնել»:
Իսրայելի վարչապետի մամուլի ասուլիսի նախօրեին հրապարակվել էին հանրային կարծիքի հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ եթե այս պահին ընտրություններ անցկացվեին, ապա Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանում կստանար ընդամենը 20 տեղ, մինչդեռ 2022թ.-ի նոյեմբերին կայացած ընտրություններում նրա կուսակցությունը ստացել էր 32 տեղ: