Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց՝ Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը աշխատում են, որպեսզի POS տերմինալները, այսինքն՝ անկանխիկ գործարքների հնարավորությունը սփռվի ամբողջ հանրապետությունուվ, և ցանկացած գյուղում ցանկացած թոշակառու կարողանա գործարքները կատարել անկանխիկ։
Փաշինյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է այս առումով։
«Մենք հանրապետությունում ունենք 67 200 ՀԴՄ սարք, որոնք ունեն գործող կարգավիճակ, և այս պահի դրությամբ 13 356 ՀԴՄ սարք արդեն POS տերմինալով աշխատում է, այսինքն՝ անկանխիկ վճարումներ հնարավոր է կատարել։ Կենտրոնական բանկի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք։
ՊԵԿ-ը նախորդող երկու շաբաթում դիմել է հարկ վճարողներին, որպեսզի հնարավորինս արագ դիմեն այն բանկերին, որոնք POS տերմինալի ակտիվացման ֆունկցիա ունեն, և այս պահի դրությամբ ունենք 25 737 էլեկտրոնային դիմում։ Բանկերի կողմից մշակվում են այս դիմումները, որպեսզի POS տերմինալները ակտիվացվեն»։