factor.am: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի նախագահի պաշտոնակատար։ Տեղեկությունը հաստատել է ԲԴԽ լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հաստիքը թափուր մնալու ժամանակ նշանակվում է տարիքով ամենաբարձր դատավորը, այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ Կենտրոնի նստավայրում տարիքով ավելի մեծ էր Գագիկ Պողոսյանը, սակայն, նա հրաժարվեց պաշտոնից, ուստի, ինքստինքյան, նրան փոխարինեց նրանից հետո տարիքով ավելի բարձր Մարտիրոսյանը »,- պարզաբանեց Շաբոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է Մնացական Մարտիրոսյանին։ Իրավական և քաղաքական դաշտում բուռն քննարկումներ սկսվեցին, հնչեցին քննադատություններ՝ թե ինչու է աղմկոտ դատավճիռներով հայտնի Մարտիրոսյանը առաջխաղացվում։ Մոտ մեկ ամիս տևած խմորումներից հետո ԲԴԽ-ն տարվա վերջին աշխատանքային օրը հայտարարեց, որ որոշում է կայացվել Մարտիրոսյանի անունը հանել թեկնածուների ցուցակից։