news.am: Դա մի փոքր խումբ է, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի փողոցներում երթի ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ոստիկաններին ուղղված հանդարտության իր կոչերը տեղ հասնում են:
Անդրադառնալով իր գլխավորած շարժմանը, նա ասաց. «Եթե մտահոգ քաղաքացիներ են, ուրեմն պետք է միանն, եթե դավադիրներ են, իրենք գիտեն՝ ինչու են ասում, որ շարժումը մարելու է: Իրենց ներմուծածն է դա, տեսնում եք, որ շարժումն իր տրամաբանությամբ, իր ընթացքով ընթանում է, նույնիսկ առանց կտրուկ գործողությունների: Միանում են անհատներ, քաղաքացիներ, երեկ օրինակ, մի աղջիկ իր սրճարանը փակել, առաջին անգամ իր կյանքում միացել էր որեւէ շարժման: Եվ դա, որ մենք իմանում ենք, բա մյուսնե՞րը, որնց մասին չենք տեղեկանում:
Առավոտից գրեթե 7.30-ից սկսած ամբողջ քաղաքը ազդանշանների մեջ է»,- ասաց Սրբազանը:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:
Ըստ ոստիկանության տվյալների, ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի: