news.am: Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի չափը. մասնավորապես, կբարձրանա նվազագույն կենսաթոշակի չափը, որը 31 600 դևրամից դարձել է 36 հազար դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:
«Սա նշանակում է, որ մոտավորապես մինչեւ 14 տարվա ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ:
Ավելացել է նաեւ հիմնական կենսաթոշակի չափը: Այն 21 հազար դրամից դարձել է 24 հազար դրամ:
Դա նշանակում է գործնականում բոլոր աշխատանքային կենսաթոշակները առնվազն 3 հազար դրամի չափով ավելանում են: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնց նվազագույն կենսաթոշակ էին ստանում, նրանցը կավելանա 4400 դրամով»,-ասաց նա:
Անդրադառնալով զինվորական կենսաթոշակներին, Անահիտ Գալստյանն ասաց, որ այս պարագայում կենսաթոշակը ձեւավորվում է հիմնական կենսաթոշակի եւ զինվորական ծռայության ստաժի հիման վրա. «Հիմնական կենսաթոշակն այս դեպքում չենք փոխում, հիշեցնենք, որ սեպտեմբերին մենք 18 հազար դրամից այն բարձրացրեցինք 20 հազար դրամի: Այս դեպքում կավելանա զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, որը 1600 դրամի փոխարեն սահմանվում է 1 750 դրամ: Եթե հաշվի առնենք, որ զինվորական կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն ստաժը 20 տարին է, ապա 20 տարվա դեպքում կենսաթոշակը կավելանա նվազագույնը 3 հազար դրամով:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերն ավելանում են հետեւյալ չափով`
1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն),
2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն),
3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն)»,-հայտարարեց նա:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից կավելանան նաեւ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը
«Ծերության նպաստի չափը սահմանվել է՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
– ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
– ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37,500 դրամ (31,600 դրամի փոխարեն),
– ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
-կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն)»:
Դիտարկմանը, որ կա դժգոհություն, որ կենսաթոշակները բարձրանում են 3 հազար դրամով, իսկ որոշ ոլորտներում 100 տոկոսով, պաշտոնյան ասաց. «Երբ մարդու կենսաթոշակն այնքան չէ, որ բավարարի իր նվազագույն կենսական պահանջները, ապամա նման համեմատություններ ու դժգոհություններ լինելու են: Դրանք անխուսափելի են: Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ կենսաթոշակն աշխատավարձ չէ, այն ապահովագրական համակարգ է: Այսինքն աշխատում ես, վճարումներ կատարում ես եւ երբ գալիս է այն տարիքը, որ չես աշխատում, կենսաթոշակի իրավունք տվող վճարներ կատարած լինելու դեպքում արդեն ստանում ես փոխհատուցում: Որեւէ երկրում աշխատավարձին հավասար կենսաթոշակ չկա: Այստեղ գոյություն ունի փոխհատուցման գործակից հասկացությունը, որը հաշվարկվում է հետեւյալ կերպ՝ կենսաթոշակի հարաբերակցությունը միջին աշխատավարձին: Ինչքան էի ստանում ես, երբ մինչեւ 63 տարեկան էի, եւ ինչքան կդառնա, երբ գնամ կենսաթոշակի: Միջազգային չափորոշիչներով, 33 տարվա միջին աշխատանքային ստաժի պարագայում փոխհատուցման գործակիցը պետք է լինի 40 տոկոս:
Մենք այսօր այդ 40 տոկոսից հեռու ենք: Դա մեզ ստիպեց ներդնել կուտակային համակարգը, որը կօգնի ավելի արժանապատիվ կենսաթոշակ ստանալու, երբ քաղաքացին ուղղակիորեն մասնակցում է իր կենսաթոշակի չափի ձեւավորմանը»: