armeniasputnik.am: Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի, և պետք է անենք հնարավորը, որ այդպիսի դեպքեր առաջիկայում չկրկնվեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքին։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:
«Ես այստեղ տեսնում եմ կրթական համակարգի մեծ դերը։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և մեր վերաբերմունքի հարցով։ Կարծում եմ` այստեղ մեծ անելիք ունենք, և առաջին հերթին դա ընկալում եմ իբրև անելիք»,–ասաց Անդրեասյանը։
Հարցին, թե ի՞նչ կաներ Անդրեասյանն ինքը, եթե փողոցում որևէ մեկը «դավաճան» անվաներ նրան` նախարարը պատասխանեց, թե իրավիճակները խիստ տարբեր են և մարդու արձագանքն էլ կարող է տարբեր լինել. «Կարծում եմ` պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում»։