armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված և հայրենադարձված բոլոր 17 հայ ռազմագերիների հետ առանձնազրույցներ են ունեցել: Առանձնազրույցների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից վեր են հանվել հայ զինծառայողների (գերեվարումից մինչև հայրենադարձությունը ընկած ժամանակահատվածում) նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալները և այլ վատ վերաբերմունքի դրսևորումները: Հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Առանձնազրույցների արդյունքում հայտնած տեղեկատվությունը ամփոփվել է և համադրվել գերեվարված անձանց ընտանիքի անդամների ընդունելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնած տեղեկությունների, ինչպես նաև տարբեր սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների աղբյուրներում առկա՝ հայ զինծառայողների գերեվարման և գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում արված տեսանյութերի հետ: Բացի այս, նշված տեղեկատվությունը համադրվել է նաև ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկման այլ աշխատանքների արդյունքների, Պաշտպանին հասցեագրված անհատական դիմումներում առկա տեղեկատվության և հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում, այդ թվում՝ տելեգրամյան ալիքներում առկա տեսանյութերի, լուսանկարների, հրապարակումների և այլ տեղեկատվության հետ»,- ասաց Գրիգորյանը:
Վերոնշյալ ամբողջ տեղեկատվության և փաստերի հիման վրա ՄԻՊ-ը կազմել է «Հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսևորում» վերտառությամբ արտահերթ ոչ հրապարակային զեկույցը:
«Սույն զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին, դաժան վերաբերմունքին, հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականության ուղղակի պատճառական կապը հայ գերիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու ու դաժանություններ գործելու հետ: Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել ոչ միայն Ադրբեջանի զինվորականների, իրավապահ մարմինների աշխատակիցների և այլ պետական ծառայողների գործողություններին, այլ նաև գերեվարման հետևանքով ադրբեջանական բժշկական հաստատություններում բուժում ստացող հայ ռազմագերիների նկատմամբ բուժաշխատողների կողմից ցուցաբերված վերաբերմունքին և դրանում առկա անընդունելի դեպքերին: Զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումները և դաժան, անմարդկային վերաբերմունքը ներկայացվել է ըստ փուլերի և ադրբեջանական համապատասխան իրավասու մարմինների կողմից դրսևորված վերաբերմունքի: Այսպես՝ նախ ներկայացվում է գերեվարման և ռազմական օբյեկտ տեղափոխելու ժամանակահատվածը, այսինքն՝ այս փուլում խոսքը ադրբեջանական զինվորականների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին է:
Շարունակությունը՝ armenpress.am-ում