Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության նախագահ Բերտրան Բուիքսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանական պաշտոնյա, խորհրդական, միջազգային խորհրդարանական վեհաժողովների և բազմակողմ հարցերի բաժնի ղեկավար Մոհամեդ Սադունը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։
Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։
Պարոն Բերտրան Բուիքսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։