ՄԻՊ-ը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարում ԵԽ-ի հետ համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի  Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին և ծրագրերի ավագ պատասխանատու Մայա Ստոյանովիչին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը։

Ողջունելով հյուրերին՝  Անահիտ Մանասյանը ներկայացրել է ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։

Իր հերթին, Անգելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով