ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց

Փետրվարի 17-ի առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը։

Բնակիչները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսաապահովման պայմաններին առնչվող հարցեր։ Արձանագրված խնդիրներն ու անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ուշ երեկոյան ՄԻՊ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ իրականացվել է ևս մեկ այց: ՊՆ նախկին շենքի բնակիչները տեղեկացրել են, որ չեն կարողանում տեղադրել վրան ու իրականացրել իրենց բողոքի ակցիան։

ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդիրներին, վրան տեղադրելու հարցը քննարկվել է Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անձանց թույլատրել տեղադրել ժամանակավոր վրաններ։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ոստիկանները ՊՆ նախկին շենք ապրողներից պահանջել էին դուրս գալ այնտեղից: Բնակիչները բողոքի ակցիա էին արել՝ ընդդեմ ոստիկանության գործողությունների: Ոստիկանությունն էլ պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ «ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն»: ՊՆ նախկին շենքի մի խումբ բնակիչներ նախօրեին դրսում էին գիշերել:

Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։ Այս որոշումը, հատկապես զորամասերի օտարման փաստը, մեծ աղմուկ բարձրացրեց։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում ՊՆ նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով