Ճապոնիան, որն ընդունելու է «Մեծ յոթնյակի» (G7) 2023 թ-ի գագաթնաժողովը, մտադիր է այն անցկացնել Հիրոսիմա քաղաքում մայիսի երկրորդ կեսին, հայտնում է Kyodo պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները։
Ճապոնիայի կառավարությունը G7-ի երկրներին արդեն հայտնել է գագաթնաժողովը մայիսի վերջին անցկացնելու մտադրության մասին։ Երկիրը կներկայացնի դրա ժամանակացույցը այս տարի հունիսի 26-28-ը Գերմանիայի Էլմաու ամրոցում «Մեծ յոթնյակի» կայանալիք գագաթնաժողովին։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ցանկանում է ցուցադրել ապամիջուկայնացման հարցերում G7-ի առաջնորդների հետ միասին ակտիվ մասնակցություն ունենալու իր վճռականությունը։
Հիրոսիմա քաղաքն աշխարհում առաջինն էր, որը միջուկային ռմբակոծման է ենթարկվել։ Այս քաղաքում գագաթնաժողովն անցկացնելու որոշումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի տևական ներխուժման և վերջինիս կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի հետ։
Նորա Վանյան