ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց դարձյալ լարված իրավիճակի պատճառով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին, մասնավորապես՝ 30 տարում քիչ քանակությամբ զենք գնելու, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելու, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ընդդիմադիրների չմասնակցելու մասով։
Նրա ելույթին արձագանքեց Ալեն Սիմոնյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց։
«Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես․․․ Դու ինչ ես անում ստեղ, գնա, տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով հավանաբար Սեյրան Օհանյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը և դուրս եկավ դահլիճից։
Իրադրությունը փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, սակայն լեզվակռիվ սկսվեց այդ պահին ելույթը սկսող Հայկ Կոնջորյանի և Սեյրան Օհանյանի միջև։ Վերջինս տեղից արձագանքում էր, իսկ Կոնջորյանն ասում․ «Պարոն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի դու-ով խոսել․․․ Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։
Այս հայտարարությունից հետո դահլիճից աղմուկ էր լսվում, իսկ Կոնջորյանը կոչ էր անում լուռ մնալու։