lragir.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոմդոնում ստորագրել են համաձայնագիր, որը թույլ է տալիս երկու երկրների զինված ուժերի մուտքը միմյանց տարածք զորավարժությունների և արտակարգ իրավիճակներին արձագանքման համար։ Միաժամանակ երկու երկրների վարչապետները հայտարարել են, որ «ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները պետք է միասնական կանգնեն ավտորիտար ռեժիմների դեմ», գրում է BBC-ն։
Միացյալ Թագավորության հետ համաձայնագրի նախապատրաստումը սկսվել էր սեպտեմբերին, երբ բրիտանական կառավարությունը որոշեց ակտիվացնել գործունեությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (այս շրջադարձի մի մասն էր ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ AUKUS դաշինքի ստեղծումը՝ համատեղ դիմակայելու համար Չինաստանին):
Ապրիլի վերջին Ավստրալիայում Ճապոնիայի դեսպանը բացահայտեց, որ Տոկիոն աշխատանքներ է տանում միանալու Five Eyes հետախուզական դաշինքին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա), որի շրջանակներում դաշնակիցները կիսում են իրենց ամենագաղտնի հետախուզական տեղեկությունները: