armtimes.com: ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպան Բասամ Սաբաղը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է, որ վերջինս վստահեցրել է՝ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային երկրաշարժի հետ կապված։
«Ես հենց նոր հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, գլխավոր քարտուղարը մեզ վստահեցրեց, որ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային այս շատ ծանր իրավիճակում», – ասել է մշտական ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյո՞ք Դամասկոսը մտադիր է թույլատրել օգնությունն այլ անդրսահմանային միջանցքներով, դիվանագետը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնություն տրամադրել Սիրիայի ներսում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։