tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ պնդելով, որ նա «չունի իր պաշտոնի համար անհրաժեշտ որակավորումը»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Իրականում այն անձը, որը գտնվում է Ֆրանսիայի ղեկին, չունի այդ պետության ղեկավար լինելու որակավորումը», – ասել է Էրդողանը։
Որպես իր դիրքորոշման օգտին փաստարկ՝ նա հայտարարել է, որ Ֆրանսիան «շահագործում է» աֆրիկյան երկրները՝ մատնանշելով երկրի հարաբերությունները Մալիի ու Բուրկինա Ֆասոյի հետ։
«Մալին Ֆրանսիայի հետ լիակատար (հարաբերությունների) խզման մեջ է: Բուրկինա Ֆասոն վերջնաժամկետ է տվել. «Ես ձեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս։ Մեկ ամսից մենք չենք ցանկանում այստեղ տեսնել ֆրանսիացի զինվորներին»»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը` ենթադրելով, որ նույնը կանի Տոգոն:
«Նա (Ֆրանսիան) արագորեն կորցնում է իր հեղինակությունը Աֆրիկայում», – եզրափակել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել միջազգային մակարդակով, սակայն նրա ֆրանսիացի գործընկերը «ազնիվ չի եղել»։