news.am: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախում է տեղի ունեցել տեղի բնակիչների միջև, Ղրղզստանի քաղաքացին երեք նախազգուշական կրակոց է արձակել օդ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությանը։
«Պետական սահմանի Ղրղզա-տաջիկական հատվածում միջադեպ է տեղի ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների միջև»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Սոմոնիեն (Տաջիկստան) գյուղով դեպի Դահմա գյուղ անցնելիս վիճաբանություն է տեղի ունեցել Ղրղզստանի քաղաքացու և Տաջիկստանի քաղաքացիների միջև, որոնք սկսել են Ղրղզների հասցեին վիրավորական արտահայտություններ անել։ Նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։
«Հակամարտության սրումը կանխելու և քաղաքացիներին ցրելու նպատակով ղրղըստանցին որսորդական զենք է կիրառել՝ երեք նախազգուշական կրակոց արձակելով օդ։ Միջադեպի հանգամանքները և պատճառները պարզելու համար ներկայումս Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչների մակարդակով հանդիպում է անցկացվում Բատկեն և Իսֆարա հատվածների հարցով»,- հայտնել են գերատեսչությունից։
Միաժամանակ տաջիկական կողմը հայտնում է մեկ մարդու հոսպիտալացման մասին։
Ինչպես հայտնում է «Ասիա Պլյուս»-ը, վկայակոչելով Իսֆարա քաղաքի ղեկավարի մամուլի քարտուղարին, շաբաթ օրը, ժամը 10-ի սահմաններում, «Ղրղզստանի քաղաքացիները ծեծի են ենթարկել Տաջիկստանի Սոմոնիեն Ջամոաթ Չորկուհ գյուղի բնակչին։
Ինչպես նշում է թերթը, «դրանից հետո Ղրղզ սահմանապահները մի քանի կրակոց են արձակել տաջիկական կողմի ուղղությամբ»։
Հաղորդվում է, որ տուժած բնակիչը հոսպիտալացվել է, երկու երկրների սահմանապահները բանակցություններ են վարում։
Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: