tert.am: Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում Երևան-Սևան մայրուղում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից հնարավոր բռնի ուժ կիրառելուն։
Հարցին՝ ի՞նչ է լինելու Եկեղեցու հետ, եթե շարժումը չհաջողի, պատկերացնո՞ւմ եք ինչ հարվածներ է ստանալու Եկեղեցին, Սրբազանն արձագանքեց, որ հիմա դրա ժամանակը չէ․
«Մեր երկիրը գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդը ստորացած, նվաստացած է, ամեն տեղից ելնող ու չելնող՝ մանավանդ թշնամական կողմից, մեզ պարտադրում են, թելադրում, մեզ ի՞նչ է մնացել անելու, բացելու ձեր սուրն ու մեր պարանո՞ցը, այդպես հա՞, մենք պարզ, խաղաղ, հանգիստ, հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով դուրս ենք եկել»։
Հարցին էլ՝ բախում կլինի՞, նապատասխանեց՝ ոչ, ինչո՞ւ պետք է բախում լինի։ Սրբազանը դիմեց ուժային կառույցներին․
Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ Մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ, վախեցրել եք սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում և ձեզ համար էլ է պահանջում,- ասել է Բագրատ Սրբազանը։