Ձգտելու եմ ՄԻՊ-ի ինստիտուտը դարձնել հարթակ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին․ Անահիտ Մանասյան

ՄԻՊ նոր պաշտոնակատար Անահիտ Մանասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 

«Սիրելի հայրենակիցներ,

Մեր հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ 
Ձգտելու եմ գիտելիքներիս ու հմտություններիս ամբողջ ծավալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշպանության բնագավառի կատարելագործմանը։ 

Երբ մտածում էի այն մասին, թե կարո՞ղ եմ արդյոք ստանձնել նշված պատասխանատվությունը, սկսեցի վերլուծել այն արժեքները, որ ինքս եմ կրում։ Դրանք ինձ ուղեկցում են մանկությունից՝ ստացածս դաստիարակության շնորհիվ։ Ես երբևէ չեմ դավաճանել այդ սկզբունքներին, այն է՝ բարություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի նկատմամբ, մարդասիրություն, արժանապատվություն, արդարություն, ազնվություն և գիտելիքի հանդեպ անսահման հավատ։ 

Կարևոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ։ Վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին։ Հետևապես, իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող խոսույթը կառուցված են լինելու՝ հենց այդ գաղափարը նկատի ունենալով։ 

Ձգտելու եմ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դարձնել հարթակ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով վերջինս հնարավոր բոլոր քաղաքական շահարկումներից։ 
Իմ առաջնահերթ նպատակն է հանրային հանդուրժողականության մթնոլորտում ձևավորել մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի միջավայր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կարևորությունը նկատի ունենալով։    

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը։

Բացառիկ կարևորություն եմ տալու հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մթնոլորտ ձևավորելու կառուցակարգերին։

Համոզված եմ, որ այս բարդ փուլում բոլորիս առաջահերթ նպատակը պետք է լինի մեր ունեցած խնդիրներին ազնվորեն նայելն ու դրանց համար համատեղ ուժերով լուծումներ գտնելը՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում։ 

Վստահ եմ, որ բռնությունը վերջնարդյունքի տեսանկյունից որևէ արդյունքի չի հանգեցնում։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ հաղթել հնարավոր է՝ միայն արժանապատվությունը պահպանելով։ 

Եվ այս համատեքստում կարևորում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն անհատապես, ինչպես նաև մենք՝ որպես հավաքական հանրություն, անենք ամեն ինչ՝ մեր արժանապատվությունը պահպանելու համար։

Այսքանը խոսքով, մնացյալը կփորձեմ ցույց տալ իմ աշխատանքով։

Շնորհակալ եմ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ ԱԺ-ն երեկ 69 կողմ 0 դեմ ձայներով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին:

Հիշեցնենք, որ ՄԻՊ նախկին պատոնակատար Քրիտինե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2023 թվականի հունվարի 23-ին, ինչից հետո ՄԻՊ պաշտոնը մինչև այժմ թափուր էր։ 

Ավելի ուշ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրեցին Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրեց Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։

Ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկեց ՔՊ-ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածությունը՝ հավանություն չտալով Էդգար Ղազարյանի թեկնածությանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով