Այսօր Արցախցին ելել է ոտքի, որպեսզի հայտարարի՝ բա՛վ է, Ադրբեջանը եւ աշխարհը ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը, եւ մենք դա թույլատրել չենք կարող։ Այս մասին Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքին հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Եթե 2022թ․ դեկտեմբերի 12-ից արցախցին ստիպված էր թերսնվել, եթե մեր երեխաները, տարեցները, առողջական խնդիրներ ունեցող մեր քույրերն ու եղբայրները, ծնողները հարկադրված էին անցնել ծանրագույն կենսական դժվարությունների միջով, ապա 2023թ․ հունիսի 15-ից ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առջեւ։ Գրեթե մեկ ամիս է՝ Արցախն ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին, գրեթե մեկ ամիս է՝ այդ ընթացքում մեր բոլորիս համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որ շրջափակման այս ծանրագույն հետեւանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, ՌԴ-ն, ՀՀ-ն վճռական քայլեր կձեռնարկեն՝ այն մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար, բայց պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով կողքից հետեւում են այդ ամենին։
Այսօր իրավիճակն արդեն օրհասական է, իսկ վաղվա յուրաքանչյուր օր լինելու է ավելի ծանր ու դժվար։ Այսօր արդեն կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ, եւ շատերի հետ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ կապը հեռախոսազանգն է։ Շուշիի շրջանի մեր գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ իր ծայրահեղ բոլոր դրսեւորումներով»,- ասաց Ներսիսյանը։
Արցախի պետնախարարը ընդգծեց, որ սկզբնական շրջանում կրճատվել, իսկ հիմա դադարեցվում են միջհամայնքային հասարակական երթերը, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ։ Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի ու բժշկական օգնության հասանելիության խնդիր։
«Եւ հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու ՌԴ-ին․ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մենք մարդկանց դիակներ ունենանք, որ արձագանքեք, ուզում եք օրեր առաջ մեր երկու մանկահասակների մահվան դեպքի կրկնություննե՞ր, որ խելքի գաք։ Եւ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է։ Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ, ամեն օր մեր մայրերն ու քույրերն արցունքները թաքցնելով նայում են իրենց երեխաների աչքերին, եւ, պատասխանատվության տակ խեղդվելով, ընտրություն անում եւ ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը՝ մեր Արցախը։
Մենք երեք տարի է՝ ուշի ուշով հետեւում ենք աշխարհի այս կամ այն կետում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին, հետեւում, թե ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր վարում։ Հետեւում ենք, բայց ոչ արդյունքն ենք տեսնում, ոչ ազդեցությունն ենք զգում։ Իսկ երբ այդ հանդիպումներ հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ եւ հարկ է լինում որեւէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին։ Բավակա՛ն է, բա՛վ է արցախցուն դարձնել ձեր հարաբերությունների կառուցման եւ հակադրությունների կարգավորման մանրադրամ, բավ է մեր ժողովրդի կյանքի հաշվին խոշոր քաղաքականությունների՝ Արեւմուտք-ՌԴ հակամարտության վարումը։
Մենք արդեն հասել ենք եզրագծին, եւ այլեւս մեր համբերության ու զրկանքների հաշվին ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանեւրներ կատարելու հնարավորություններ, մենք այլեւս ի վիճակի չենք ինքնամոռաց տանջվելու՝ ձեր երկրներում ծագած խնդիրներն առավել հանգիստ հաղթահարելու հնարավորություն ապահովելու համար։ Ի վիճակի չենք, որովհետեւ այլեւս հյուծվելու տեղ չունենք, որովհետեւ ցանկացած զիջում այլեւս մեր երեխաների կյանքի գնով է, Արցախի 30 հազար երեխաների կյանքի գնով, եւ մենք դա երբեք չենք զիջելու, մենք մեր երեխաների կյանքը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու»,- ասաց պետնախարարը։
Գուրգեն Ներսիսյանը դիմեց Արցախի հայությանը․
«Սիրելի արցախցիներ, ես ուզում եմ խոնարհվել բոլորիդ առաջ՝ ձեր հայրենասիրության ու տոկունության համար, հայրենիքը սիրելու ձեր այդ յուրահատուկ, աննկարագրելի ու անբացատրելի հատկության, ձեր արժանապատիվ դեմքի ու կեցվածքի համար, խոնարհվում եմ, որովհետեւ դուք անկրկնելի եք, որովհետեւ միայն դուք եք, որ անկախ ամեն ինչից, անկախ ամեն տեսակի բարդություններից ու խնդիրներից՝ շարունակում եք երեխաներ ծնել ու դաստիարակել՝ գիտակցելով, որ հայրենիքն այդպես է ամրանում, շենանում եւ պահպանվում, որովհետեւ դուք ամեն օր պատասխանատվորեն ձեր երեխաներին կրթության եք տանում, քանզի գիտակցում եք, որ դպրությունն է մեր երկրի կարեւորագույն երաշխավորը, որովհետեւ դուք շարունակում եք ընտանիք կազմել եւ նոր արմատներ խրել արցախյան հողի մեջ՝ գիտակցելով, որ անարմատ հողը փլուզման է, երկար դիմանալ չի կարող, որովհետեւ միայն մեր մայրերը կարող են կորցնել իրենց զավակներին եւ իրենց վիշտը սգալու փոխարեն նույն պահին սկսել մտածել մյուսների մասին՝ Աստծուց խնդրելով, որ իրենց որդու կորուստը վերջինը լինի։
Սիրելի հայրենակիցներ, մենք գիտակցում ենք, որ արդի աշխարհում հնարավոր է ամեն բան, մարդուց կարելի է խլել ամեն ինչ, նրան մերկացնել, ունեզրկել, սպանել, անդամահատել, բայց կա մի բան, որն անհնարին է մարդուց անջատել, դա մեր արժանապատվությունն է, դա մեր ինքնությունն է։ Մեր ինքնությունն ու արժանապատվությունը մեզանից խլել չի ստացվելու, այն չի վաճառվում եւ այն սակարկման ենթակա չէ»։
Գուրգեն Ներսիսյանը հաջորդիվ արցախահայության անունից Արցախի հավաքական խոսքը հղեց ՀՀ ժողովրդին ու համայն հայությանը․
«Սիրելի քույրեր ու եղբայրներ, արդ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգի մեջ է, վտանգված են մեր երեխաների կյանքը եւ առողջությունը, խնդրում եմ ընդամնեը նայեք այս հրապարակում հավաքված մարդկանց աչքերին ու զգացեք ձեզ փոխանցվող պատասխանատվությունը։ Այս հրապարակում հավաքված են մարդիկ, որոնք իրենց տառապանքների, կյանքի ու առողջության գնով անում են ամեն ինչ, որպեսզի դուք, աշխարհի որ կետում էլ լինեք, Արցախի անունը լսելիս գլխիկոր չմնաք, գետինը չմտնեք։ Այս հրապարակում կանգնած են մարդիկ, որոնք ուզում են կանգուն վիճակում Գանձասար պահել, Ամարաս պահել եւ Արցախ պահել, որպեսզի դուք, որտեղ էլ լինեք, հպարտանաք, որ Գանձասար ունեք, Ամարաս ու Արցախ ունեք։ Լսեք այս խոսքերը եւ որոշեք ձեր հետագա անելիքները, ձեր խղճի, այս հրապարակում կանգնած մանուկի ու ավագի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացման ձեչ չափով ու ընկալմամբ»։
Պետնախարարը դիմեց նաև ՌԴ-ին, ռուս ժողովրդին, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորականներին․
«Հարգելի բարեկամներ, մենք վերջին տարիներին ստիպված ենք եղել համատեղ ու միասնաբար բազմաթիվ խնդիրների միջով անցնել, հասկացել ենք շատ բաներ, կռահել ենք բազմաթիվ գործընթացներ, թող անհամեստ չհնչի, բայց երբեմն փորձել ենք քիչ խոսել, անհամեմատ ավելի մեծ դժվարություններ մեզ վրա վերցնել՝ ձեզ հավելյալ խնդիրներից ու սուր իրավիճակներից հեռու պահելու համար, բայց հիմա համոզված ենք, որ ձեզ համար եւս իրավիճակն այլեւս գնահատվում է օրհասական։ Ձեր աչքի առաջ Արցախի ժողովուրդն անցել է ծանրագույն խնդիրների միջով, եւ հիմա այդ խնդիրները ստացել են առվել սուր ու խոչացված պատկերն, որն այլեւս անհադուրժելի է։ Հետեւաբար, Արցախի ժողովրդի անունից խնդրում եւ պահանջում ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունների կատարումը, ապաշրջափակել Արցախը Հայաստանին կապող միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ ընթացքը, ստեղծեք Արցախում մարդկանց նորմալ կենսամակարդկակն ապահովելու պայմաններ»։
Այնուհետև, դիմելով միջազգային հանրությանը, Ներսիսյանը ասաց․ «Արցախում իրավիճակը ծանր է եւ ավելի է ծանրանում ժամ առ ժամ։ Օրեր անց ունենալու ենք անդառնալի հետեւանքներ։ Արցախի ժողովուրդը, 30 հազար երեխաները չեն կարող լինել որեւէ հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա հարթակը, սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհն Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է։ Եթե Արցախի ժողովրդին ուշադրություն դարձնելու դիմաց ենթադրվող գինը մարդկային կորուստներն ու տառապանքներն են, ապա մենք արդեն այդ վիճակում ենք։ Սթափվեք ու միջամտության հիմքեր ունենալու համար մի սպասեք մարդկային կյանքերի կործանման նոր դեպքերի, կանգնեցրեք գահավիժող այս արհավիրքը, քանի ուշ չէ, ստանձնեք, մարդկության անբաժանելի մասը հանդիսացող մեր ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունը»։
Պետնախարարը նշեց՝ Արցախի ժողովուրդն աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդն է․
«Մեզանից լավ ոչ ոք խաղաղության գինը եւ արժեքը չի գիտակցում եւ չի կարող գիտակցել, մեր ժողովրդի պահանջն ընդամենը խաղաղությունն է, այս մի բուռ հողի վրա խաղաղ ու անվտանգ ապրելու մեր իրավունքի հարգումը եւ երաշխավորումը։
Հարգելի հայրենակիցներ, երբ մեր ժողովրդին հասցրել են այս ծանրագույն վիճակին, ուզում եմ հարցնել ձեզ․ մենք պատրա՞ստ ենք սկսել մեր հանդեպ ծավալվող այս վայրագությունը դադարեցնելու պահանջ կրող խաղաղ ու անհանաջ պայքար»։
Հրապարակում ներկաները վանկարկեցին «այո» եւ ծափահարեցին։
Պետնախարարը կրկին հարց հնչեցրեց․ «Մենք պատրա՞ստ ենք անկեղծորեն ներկայացնելու բոլորին հատված կարմիր գծերը եւ պահանջելու անկեղծ ու պատասխանատու վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մենք պատրա՞ստ ենք տեւական պայքարի»։
Մարդիկ վանկարկեցին «այո» եւ ծափահարեցին»։
Այնուհետև Գուրգեն Ներսիսյանը ներկայացրեց քայլերի հաջորդականությունը։