Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը մահացել է իր ուղղությամբ արձակված կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն:

Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ  վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին:  Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված GLOCK տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց  է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։

Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, որը նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով