azatutyun.am: Լոռու մարզի Թումանյան քաղաքից «այս պահին հնարավոր չէ դուրս գալ»։ «Ազատության» հետ զրույցում ասել է համայնքի բնակիչներից «Արտեմի» հյուրատան հիմնադիր Անուշ Նավասարդյանը:
«Գետը քշել, տարել է մայրուղու զուգահեռ եղած բոլոր շինությունները, խանութները, սննդի կետերը, Թումանյանի հատվածում մայրուղին գնում է գետին զուգահեռ, հիմա ջուրն է հոսում ճանապարհով: Հնարավոր չէ այս պահին քաղաքից դուրս գալ, ճանապարհը երկու կողմից վնասվել է»,- ասել է նա։
Անուշ Նավասարդյանի խոսքով իրենք հյուրեր ունեն, որոնք իրենց հետ միասին շրջափակված են մնացել։
«Հոսանք չկա, գազ չկա, հեռախոսս լիցքավորված էր, դրա համար եմ կարողանում Ձեզ հետ խոսել: Մեր հյուրատունը բարձր է, չի տուժել, բայց ներքևում հողատարածք ունեինք, չկա, ջրի տակ է»,- ներկայացրել է տեղի բնակիչը։
Անուշ Նավասարդյանը տուժածների մասին տվյալներ չունի, ասում է՝ շատերին զանգահարում է, չի ստացվում միանալ:
Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայություն