Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:
Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և բացասական եզրակացություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին:
Փոխնախարարն առաջարկել է դեմ քվեարկել և ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսդրական փաթեթը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ:
Պատգամավորները դեմ են քվեարկել նախագծերի փաթեթին, ապա կողմ՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, բայց չքննարկված հարցերը կքննարկվեն արտահերթ նստաշրջանում:
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը: