ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է՝ իրենց ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․
«Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։
Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։
Մարդու իրավունքների պաշտպանն այս տեղեկությունները կուղարկի միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին», – ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կեսգիշերն անց ՀՀ ՊՆ-ն հայտարարեց՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: