ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա նշել է, որ ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում:
«Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- գրել է Դանիելյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը այսօր երթ է իրականացնում դեպի նախարարությունների շենքեր: Կառավարական երրորդ մասնաշենքի դիմաց լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների և քաղաքացիների միջև: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ ցանկանում են մտնել ներս:
Ոստիկանությունը հաղորդել է, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ բերման է ենթարկվել: