Հայաստանի Հանրապետության մի շարք գերատեսչություններ հայտարարություն են տարածել՝ հանրությանը հորդորելով մասնավոր նախաձեռնություն չցուցաբերել զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ հավաքագրելու առնչությամբ:
«Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հորդորում է դադարեցնել զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթացը:
«Պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։
Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- մասնավորապես ասված է ԱՍՀ նախարարության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։