news.am: Հարյուրավոր ոստիկաններ են եկել Պաշտպանության նախարարության նախկին շենք, որը գտնվում է Աշտարակի խճուղու վրա: Նրանք բացել են դարպասները, որպեսզի այնտեղից դուրս բերեն շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին:
Բնակիչներից մեկը պատմեց, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել, տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել. «Մեզ ասացին, որ դուք անօրինական եք բնակվում, տեսա, որ տանս դուռը ջարդած է»:
Հիշեցնենք, որ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։ Այս որոշումը, հատկապես զորամասերի օտարման փաստը, մեծ աղմուկ բարձրացրեց։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում ՊՆ նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։