armeniasputnik.am:Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, բռնի տեղահանված քաղաքացիների հետ հանդիպումներ և զրույցներ են անցկացնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Գորիսի հաշվառման կենտրոնում Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա նշեց, որ հիմնական աշխատանքները երկու ուղղությամբ են իրականացվում` զբաղվում են բռնի տեղահանված անձնանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերով, փորձում են հասկանալ առկա խնդիրներն ու պետական իրավասու մարմինների հետ աշխատանք տանում դրանք արագ լուծելու համար։ Երկրորդ ուղղությամբ զրույցների ընթացքում որոշակի տեղեկատվություն են ստանում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների և այդ ընթացքում իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված։
«Մեր ստացած տեղեկությունների մի մասը վերաբերելի չէ մեր մանդատին, այդ տեղեկատվությունն անմիջապես փոխանցում ենք պետական իրավասու այլ մարմիններին»,– նշեց Մանասյանը։
Նա նշեց, որ նաև հավաքագրված տեղեկություններով, այդ թվում` հայատյացության քաղաքականությանը վերաբերող, համապարփակ փաստաթղթեր են կազմում` ներկայացնելու միջազգային դերակատարներին ու իրավասու այլ կառույցներին։