Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ որոշումը` քաղաքացիական լիարժեք դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության ու վստահության ամրապնդման հարցում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:
Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: