factor.am: Հանրապետություն կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ չի անցկացրել` ընտրությունների նախնական արդյունքներից հետո որևէ ուժի հետ կոալիցա կազմելու հավանականությունը քննարկելու համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։
«Ոչ մի որոշում չունենք, իրավիճակից ելնելով՝ կհասկանանք հաջորդ քայլերը։ Մենք այս պահին որևէ առաջարկ և քննարկում չենք ունեցել։ Քննարկում պետք է լինի, հասկականք` ինչ որոշում կայացնենք, որ բխի Երևանի շահերից, քանի որ սրանք քաղաքական ընտրություններ են»,- ասաց Անի Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝
1. ՔՊ – 75․463 (32.57%)
2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)
3. Մայր Հայաստան – 35․739 (15.43%)
4. Հանրապետություն – 26․236 (11.32%)
5. Հանրային ձայն – 22․431 (9.68%)
Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» – 24
«Ազգային առաջընթաց» – 14
«Մայր Հայաստան» – 12
«Հանրապետություն» – 8
«Հանրային ձայն» – 7։
Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։