1lurer.am: Մոսկվան հիմք է ընդունում այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները պետք է հետևեն իրենց դաշնակիցների հետ զորավարժությունների պրակտիկային։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ից։
«Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել դրան։ Եվ մեր հայ դաշնակիցների, Հայաստանի դաշնակիցների ուշադրությունը հրավիրել ենք նրա վրա, որ դա ընկալում ենք մտահոգության տարրով»,- հավելել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Նշենք նաև, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես արձագանքել էր զորավարժություններին՝ նշելով, որ վարժանքների մասին տեղեկությունները հարուցում են մտահոգություն․ «Վարժանքների մասով անխոս այդպիսի լուրերը մտահոգիչ են հատկապես ներկա իրավիճակում։ Այդ պատճառով մենք խոր կվելլուծենք այդ լուրերը և կհետևենք իրավիճակին»,- ասել էր Պեսկովը։