armenpress.am: «Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները և գործող իշխանության նկատմամբ գնահատականները չեն փոխվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ոչ մեր քաղաքական նպատակադրումներում է փոփոխություն կատարվել, ոչ էլ տրված գնահատականներում։ Ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է իր գնահատականը այս իշխանությունների նկատմամբ փոխել, ոչ էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ոչ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։
Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական նպատակներից շեղում։ Ամենևին ոչ։ Մեր պայքարի ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի և ազգային ինստիտուտների հետ։ Այն ինստիտուտների, որոնք մեր ազգի և պետականության ողնաշարն են. կարևոր է նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանին սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշեց Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղարը ընդունում է, որ իրենց չի հաջողվել հիմնական նպատակադրումները իրականացնել, բայց միջանկյալ արդյունքներ գրանցել են:
«Հայաստան» դաշինքի կազմում 2021 թվականի արտահերթ խորհրդարական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին հայտարարեց Ազգային ժողովում գործունեությունը դադարեցնելու մասին: Կուսակցության անդամ երեք պատգամավոր մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահին: