Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե  սահմանազատումից հետո ծառայությունը ոնց են իրականացնում:

Նիկոլ Փաշինյանն այս մասին վստահեցրեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:

Անդրադառնալով հարցին, թե բանակն ինչ գործառույթ է իրականացնելու՝ վարչապետն ասաց. «Սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում»:

Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, ապա, ըստ Փաշինյանի, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Վարչապետն այլ փակագծեր չբացեց:

Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ  հարցին՝ վարչապետը պատասխանեց. «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:

Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով