amerikayidzayn.com: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ երեկ Պենտագոնի մամլո հաղորդագրության մեջ «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման մասին:
«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:
Ապրիլի 6-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի Հանրապետությունը այն երկրների ցուցակում է, որոնք մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ նախաձեռնած «Defender 23» խոշոր զորավարժությանը։
Ավելի ուշ, սակայն, ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվեց «Պաշտպան 23» զորավարժության մասին հոդվածը, և Հայաստանը հանվեց մասնակիցների ցանկից։
Զորավարժություններն անցկացվելու են ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում։
Ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ խոսնակը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: