civilnet.am:Մայիսի 31-ին Ալմաթիում մեկնարկում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», – ասել է Շուվալովը։
Նա պարզաբանել է, որ սահմանափակ ձևաչափ նշանակում է «առանց Հայաստանի մասնակցության»։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է՝ չբացառելով, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
Ռազմական դաշինքին հետխորհրդային վեց երկիր է անդամակցում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։