Հայաստանը շարունակելու է աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին. վարչապետը՝ Լիբանանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում նշված է.

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Լիբանանը կվերագտնի կայունության, խաղաղության ու բարեկեցության ուղին: Հայաստանն ու Լիբանանն ունեն բարեկամության հարուստ ավանդույթներ՝ հիմնված պատմամշակութային սերտ կապերի և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա: Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք էլ ավելի խորացնել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկրների և երկու բարեկամ ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության մեջ, իսկ Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց»:

Հիշեցնենք, որ երեկ Լիբանանի խորհրդարանը քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով