ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (73rd International Astronautical Congress) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից։
Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» (Space for All) խորագրով ցուցահանդեսը:
Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:
Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը: