armeniasputnik.am: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս վերջին զարգացումը, որը վերաբերում է արդեն անցակետ դնելուն, կարծում եմ` արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը։ Մենք, բնականաբար, այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք և արդեն աշխատում ենք։ Առաջիկայում կլինի քայլ մեր կողմից` դատարանի շրջանակներում»,– ասաց Կիրակոսյանը։
Հիշեցնենք` ս.թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։