armenpress.am: Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին:
«Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։
Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։
Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։