azatutyun.am: Այսօր Նիդերլանդներում՝ Հաագայում բացվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կատարած հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոնը:
Այդ կառույցի ստեղծումը համարվում է առաջին քայլը Ռուսաստանի Դաշնության պետական և զինվորական լիդերներին միջազգային դատարանի մակարդակով պատասխանատվության կանչելու համար:
Նորաստեղծ կառույցի պաշտոնական անունն է «Ագրեսիայի հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոն»: Այնտեղ աշխատում են դատախազներ Ուկրաինայից, Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից և Միջազգային քրեական դատարանից: Ենթադրվում է, որ նրանք պետք է ապացույցներ հավաքեն, ինչը կլինի միջանկյալ քայլ հետագայում հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ:
Միջազգային քրեական դատարանը նույնպես տեղակայված է Հաագայում, սակայն չունի լայնածավալ ագրեսիայի հանցանքը հետաքննելու լիազորություն և զբաղվում է պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կոնկրետ դեպքերով:
Այս տարվա մարտին Միջազգային քրեական դատարանն արձակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանագիր: Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի լիազորությունները:
Ուկրաինան միջազգային համայնքին կոչ է արել ռուսների հանցանքները քննել մայրաքաղաք Կիևի արվարձան Բուչայում ռուսական բանակի կատարած հանցագործությունների, մասնավորապես, խաղաղ բնակիչների սպանությունների և կտտանքների փաստերը հավաքելուց ու հրապարակելուց հետո:
Ռուսական կողմը հերքում է Բուչայում հանցագործություններ կատարելու մեղադրանքը և պնդում՝ ուկրաինական կողմը կեղծ լուսանկարներ է ներկայացրել: