Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշոկառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության» նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ ծրագրի համաձայն այս տարվա հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշոկառուները ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից․ «Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են հինգական տոկոս համամասնությամբ»։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ մինչև հունիսի 1-ը նախարարությունը կայքէջում կհրապարակի գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ծրագիրը փորձնական 6 ամսով են նախատեսում անել։
«Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ հնարավորություններ ու թերություններ կան ու դրանք հընթացս գուցե ավելի լավարկենք»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց՝ կան նպաստառուներ, որոնք նպաստը կանխիկ եղանակով են ստանում, սակայն դիմելու դեպքում նրանց նույնպես բանկային քարտեր կտրամադրվեն։