azatutyun.am: Վարուժան Սարգսյանը արդեն երկու տարի է՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղից Երևան է գալիս՝ Պաշտպանության նախարարություն ու ձեռնունայն հեռանում։ Նախարարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ վերցրել էր գյուղացու Урал-ը, որով նա ընտանիքի ապրուստն էր վաստակում։
«Երկու ամիս անցավ, մի հատ էլ գրել տվին, էլի նույն բանը, էլի հանձնաժողով պիտի ստեղծենք, մինչև հիմա հանձնաժողով են ստեղծում: Մեզ կոնկրետ բան չեն ասում, խաբում են ամեն անգամ: Գնացինք Պաշտպանության նախարարություն, դիմում գրեցինք, ասին` դիմում գրեք, տվեք, մենք ձեր դիմումի պատասխանը կտանք: Դիմումը գրեցինք, տվեցինք, էնդտեղից փոշտն էլ գցել ենք, էն դիմումը գնաց ու գնաց, չերևաց», – Ազատությանը» պատմեց նա` շարունակելով. «Մեքենան վայենկոմատից կանչել են, տարել են, ես էլ հետներն եմ գնացել, ես էլ եմ մասնակից եղել էնդեղ»:
Պաշտպանության նախարարությունը միայն մեքենան էր պահանջել, բայց 61-ամյա Սարգսյանը որոշել է ինքն էլ գնալ պատերազմ։ Առաջնագծում՝ ռազմական գործողությունների ժամանակ, անձամբ է տեսել՝ ինչպես է սեփական մեքենան խոցվում ադրբեջանական կրակից. «Մենք սնարյադ էինք կրում, մատակարարում էինք սնարյադ, վերջում սնարյադները մնացին վերջ, որ պիտի նորից տեղափոխեինք, էդ վախտ արդեն խփեցին սնարյադը մեջը»:
Թեև պաշտպանության ու ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքներով կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ռազմական դրության ժամանակ քաղաքացիներից ներգրավված տրանսպորտային միջոցների կորուստը, սակայն Վարուժան Սարգսյանի դիմումները այդպես էլ չեն բավարարվել։ Բոլոր փաստաթղթերը հավաքել է, պատճեններն ուղարկել կառավարություն:
«Թղթերը, որ էնդտեղից ուղարկել են մեզ ավտոյի մոմենտով, որ մենք ներկայացնենք, որ ավտոն տրաքել է, որ մենք հանձնենք այնտեղ` Պաշտպանության նախարարություն, սաղ թղթերը կան էստեղ», – ցույց տալով թղթերն ասաց նա:
Ինչո՞ւ են Սարգսյանի դիմումները մինչ օրս անպատասխան՝ «Ազատությունը» այս հարցով դեռ անցած շաբաթ դիմել է Պաշտպանության նախարարություն։ Մինչ այժմ չեն պատասխանել։ Անցած շաբաթ «Ազատության» եթերում տարածքային կառավարման նախարարն ասել էր, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջիկայում պետք է գույքագրի ու գնահատի պատերազմի ժամանակ քաղաքացիներից ներգրավված մեքենաները՝ փոխհատուցում տրամադրելու համար։ Թե կոնկրետ երբ, և ինչու դա չի արվել անցած երկու տարիներին, նախարարը չէր հստակեցրել։
«Իսկապես բավականին երկար տևեց, որը օբյեկտիվ դժգոհություն է բերել մեր օգտատիրոջ և այլ հայրենակիցների մոտ, բայց պետք է ասել, որ վերջապես գործընթացն ընթացքի մեջ է` մենք արդեն մեկ կառավարության որոշում ունեցել ենք, եթե թիվը ճիշտ եմ հիշում` 27 կամ 29 մեքենա արդեն ընդգրկվել է այդ ցանկի մեջ, և փոխհատուցման գործընթացը կլինի, որից հետո մյուսները», – տեղեկացրել էր նախարար Սանոսյանը:
Առաջին խմբով, ըստ պաշտոնական փաստաթղթերի, փոխհատուցում է ստացել 17 հոգի։ Ինչպե՞ս են ընտրվել հենց այս անձինք՝ հստակ չէ։ Փաստ է, սակայն, որ կառավարությունը որոշել է առաջին հերթին փոխհատուցում տրամադրել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Ավանի աղի կոմբինատին ու մի քանի այլ ընկերությունների։ Ընդհանուր առմամբ, 17 մեքենաների համար կառավարությունը հատկացրել է 31.1 միլիոն դրամ։ Վարուժան Սարգսյանի բազմաթիվ դիմումները, սակայն, մնացել են անարձագանք։
Շարունակությունը՝ azatutyun.am-ում