hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է մասնակի փոխհատուցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծասխերը։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոցառումը հաստատելու կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ ներկայացված նախագծի՝ այն ընկերություններն ու անհատ ձեռներեցները, որոնք 2022թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ․ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում օգտվել են կամ կօգտվեն Սյունիքում և Վայոց ձորում գործող հյուրանոցներից, ապա կստանան փոխհատուցում՝ ծառայության գնի 60%-ի չափով, բայց ոչ ավել քան 3 միլիոն դրամը։ Ընդ որում՝ նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն առնվազն հինգ ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են տվյալ ընկերության կամ անհատ ձեռներեցի աշխատակիցները։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն հյուրանոցները պատրաստ են ընդունելու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:
Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի մոտ 45 միլիոն դրամ։ Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ այս գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Ավելի մանրամասն` hetq.am-ում։