Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։ Այս նախագծի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշեց, որ անձնական օգնականի ծառայությունը տրամադրվելու է հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։
«Այս կարգով սահմանվում է անձնական օգնականի ինստիտուտ, պետական միջոցներից վճարվում է մոտավորապես ժամը 1050 դրամի կարգի և այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձը տասը ժամից ավելի խնամքի կարիք ունի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ նախագիծը 2024 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտնելու, սակայն մինչ այդ պիլոտային ծրագիր կիրականացնեն: