Ոստիկանության երկու ծառայող է տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ բերման է ենթարկվել:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ու հաստատել վերոնշյալ տեղեկությունը. «Կրկին հորդորում ենք հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»:
News.am-ը գրում է, որ հրմշտոցի հետևանքով մի քանի քաղաքացի տուժել է: Ցուցարարներից մեկը նստել էր խոտերի մեջ, իսկ քաղաքացիներն ու ոստիկաններից մեկը փորձում էին օգնություն ցուցաբերել:
Բացի այդ՝ երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի հատվածից:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը այսօր երթ է իրականացնում դեպի նախարարությունների շենքեր: Կառավարական երրորդ մասնաշենքի դիմաց լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների և քաղաքացիների միջև: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ ցանկանում են մտնել ներս:
Լուսանկարը՝ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեսյբուքյան էջից